Գագիկ Ծառուկյանին պատժեցին

Lragir.am-ը գրում է․ Հատուկ քննչական ծառայությունը կայացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մանդատի գործով քրեական գործ հարուցելու դիմումը մերժելու որոշում: Դիմումն ինչպես հայտնի է հղել էր ՔՈ կուսակցությունը՝ ձեռնարկատիրությունն ու մանդատը ապասահմանադրորեն համատեղելու հարցով: ՀՔԾ-ն դիմումը մերժել է հանցակազմի բացակայության պատճառով:

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը ոչ միայն կպահպանի մանդատը, այլ գործնականում ստացել է իրավապահների կնիքը եւ նրա մոտ այլեւս թղթերով ամեն ինչ ոչ միայն կարգին է, այլ թղթերով ամեն ինչ շատ կարգին, կամ այլեւս ավելի շատ թղթերով է նրա մոտ ամեն ինչ կարգին: Ինչ կհաջորդի իրավապահների որոշմանը արդեն կառավարող մեծամասնության քայլի տեսքով: Մեծամասնությունը մինչ այդ հայտարարել էր, որ ձեռնպահ է մնում էթիկայի հանձնաժողով ստեղծելուց, քաղաքական գնահատական տալուց եւ սպասում է իրավապահների որոշմանը: Իրավապահները որոշեցին: Ինչ է որոշելու Իմ քայլն այժմ: Հավատա՞լ իրավապահների եզրակացությանը, թե ոչ, եւ ստեղծել էթիկայի հանձնաժողով ու քննարկել հարցը, առնվազն տալով քաղաքական գնահատական:

 

 

 

 

 

 

 

 

Թե՞ չկա Գագիկ Ծառուկյանի հարցում ավելորդ սրություն ու աժիոտաժ առաջացնելու անհրաժեշտություն, եւ լուծվող գլխավոր խնդիրն այն էր, որ ԲՀԿ-ին ցույց տրվեց վերմակի որոշակի չափ: Այդ համատեքստում ուշագրավ է, որ մեծ հաշվով ամեն ինչ սկսեց տրանսգենդերային հայտնի աղմուկից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դա գնահատեց մեծամասնության դեմ կատարված սադրանք: Իսկ լսումները կազմակերպել էր հանձնաժողովը, որը ղեկավարում էր ԲՀԿ ներկայացուցիչը: Հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե դա սադրանք էր, ապա ԲՀԿ դեմ: Իրավիճակը «սահուն» անցում կատարեց ցեմենտին ու կլինկերին, վերածվելով ԲՀԿ-Իմ քայլը կոշտ ընդդիմախոսության: Դրան զուգահեռ էլ արտախորհրդարանական ՔՈ կուսակցությունն օրակարգ բերեց ձեռնարկատիրության եւ մանդատի հարցը, կառավարող մեծամասնությանը հիշեցնելով բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու նորհայաստանյան հռչակված սկզբունքներից մեկը:

Մեծամասնությունը ՀՔԾ որոշումով հարցը կհամարի հանգուցալուծվա՞ծ, թե կպահի տաք՝ քննարկումը տեղափոխելով արդեն ԱԺ դաշտ:

Մի բան թերեւս հստակ է, որ այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն իրավիճակից դուրս է եկել ավելի շահած: Մյուս կողմից իհարկե մեծամասնությունն էլ չի կորցրել: Հաշիվը թերեւս «ոչ ոքի» է, եթե իհարկե մեծամասնությունն ու ԲՀԿ-ն այս պարտիայում խաղում էին միմյանց դեմ, ոչ թե ունեին ընդհանուր որեւէ մրցակից:

Ի վերջո, ԲՀԿ-ն սկզբունքորեն մրցակից չէ իշխող մեծամասնությանը: Այդ իմաստով, ինչպես իրավացիորեն Ռոյթերզին կամա թե ակամա ակնարկել էր Ռոբերտ Քոչարյանը՝ կառավարող մեծամասնությունը ներկայում չունի մրցակից:

Հարցն այն է՝ ԲՀԿ-ն աջակի՞ց է մեծամասնությանը, օրինակ տնտեսական հեղափոխությանը, թե ոչ: Որովհետեւ տրանսգենդերից առաջ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հայտարարել էր, որ եթե հեղափոխության համար քայլել էր պետք, ապա տնտեսական հեղափոխության համար պետք է փող: Ծառուկյանը փաստորեն ակնարկել էր, որ ինքն ունի այն, առանց որի չի կարող լինել տնտեսական հեղափոխություն եւ ինչը չունի կառավարող մեծամասնությունը:

Չի բացառվում, որ նրան էլ հիշեցրին, որ մեծամասնությունն ունի մի բան, որի շնորհիվ Ծառուկյանը կարող է կորցնել որոշ բաներ, եթե քաղաքականության մեջ տուրք տա շանտաժի տոնայնությանն ու տրամաբանությանը:

 

 

 

 

 

 

 

 

Այդ ամենով հանդերձ, գլխավոր խնդիրն այն է, թե ի վերջո հայտնվելու՞ է օրակարգում բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման, քաղաքականության արդիականացման համար անհրաժեշտ օրենսդրական քայլերի հարցը, թե ոչ:

Ի վերջո, դա պետք է նաեւ Գագիկ Ծառուկյանին: Որովհետեւ, առերեւույթ ՀՔԾ-ն կարծես թե քաղաքականության մեջ քայլել շարունակելու համար կարմիր գորգ է փռել նրա ոտքի տակ, բայց խորքային առումով դա պատիժ է ակնհայտ ապաքաղաքական ֆիգուր Ծառուկյանի համար: Վաղուց է պարզ, որ քաղաքականությունը Ծառուկյանի տեղը չէ, եւ նա 2006 թվականին նախկին համակարգի ուժով բերվելով այդ դաշտ, առ այսօր փաստորեն վճարում է իր պոտենցիալ խնդիրների մի մեծ ռիսկի համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

ԴԻՏԵԼ