«Արցախը Հայաստան է և վե՛րջ»-ը հայերի պատասխանն էր Իրանում Ադրբեջանի հակահայ գործունեությանը

«Արցախը Հայաստան է և վե՛րջ»-ը հայերի պատասխանն էր Իրանում Ադրբեջանի հակահայ գործունեությանը

09.03.2019 0 Автор navasabv

Ղարաբաղյան հիմնախնդիրն ամենազգայուն հարցերից մեկն է հայ-իրանական հարաբերությունների օրակարգում։ Ու որքան էլ Հայաստանն ու Իրանը իսկապես ունեն բարեկամական, բարիդրացիական և գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններ, և հայաստանցի մասնագետները մշտապես ասել են, թե Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում անաչառ է և հավասարակշիռ, այնուամենայնիվ, Իրանի կողմից Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Արցախի հիմնահարցին վերաբերող հայտարարություններն ու հատկապես պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբունքի շեշտադրումը միանշանակ չեն ընդունվում Երևանում։ Բացի այդ, իրանցի որոշ պաշտոնյաներ երբեմն անում են վիճահարույց ու կողմնակալ հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են պաշտոնական Թեհրանի չեզոք դիրքորոշման ոգուն ու բովանդակությանը՝ հայ հանրության շրջանում առաջացնելով անորոշություն, խառնաշփոթ, տարակուսանք, թե ի վերջո ո՞րն է Իրանի դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։

Նման հայտարարություն հնչեց նաև վերջերս՝ հունվարին Բաքու այցելած իրանցի գեներալի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեին Բաղերիի կողմից։ Բաղերին կրկնել էր Իրանի հայտնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին։ Բայց ադրբեջանական ԶԼՄ-ներն ու Ալիևի պաշտոնական կայքը նրան վերագրեցին նաև հետևյալ նախադասությունը, թե «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական»։ Իհարկե, լուրջ կասկածներ կային, որ ադրբեջանական կողմը կարող էր դիտավորությամբ խեղաթյուրած լինել Բաղերիի խոսքերը՝ հայ-իրանական հարաբերությունները վատթարացնելու նպատակով, բայց մյուս կողմից էլ՝ այս հայտարարությունն այդպես էլ պաշտոնապես չհերքվեց Իրանի կողմից։ Միայն հայտնի է այն, որ դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարարություն է հրավիրվել Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդը, որից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե երկու կողմերն էլ համաձայնել են, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքերը «խեղաթյուրվել են», բայց թե որչա՞փ են խեղաթյուրվել և ասե՞լ է նա, որ «Իրանը ղարաբաղյան հողերը համարում է ադրբեջանական», թե՞ ոչ, չհստակեցվեց։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ու բնականաբար, հույսեր կային, որ վարչապետ Ն․ Փաշինյանի թեհրանյան այցի ընթացքում հարցը կպարզաբանվի, և հանրությանը կտեղեկացվի դրա մասին։ Սակայն Թեհրանում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ղարաբաղյան հարցին վերաբերող քննարկումների մասին շատ աղքատիկ տեղեկություն տրամադրվեց։ Իրանի նախագահի հետ հանդիպելուց հետո Փաշինյանը Ռոհանիի հետ միասին հյուրընկալվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Փաշինյանն ու Խամենեին համաձայնել են, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով»:

Բայց սա Ղարաբաղի հարցի հետ կապված միակ իրադարձությունը չէր Փաշինյանի այցի ընթացքում։ Վարչապետն, ինչպես հայտնի, Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպել էր իրանահայ համայնքի հետ և «սելֆի» անելով դահլիճում նստած հայության հետ՝ հրապարակել էր լուսանկար, որի խորապատկերին երևում էր հայկական եռագույնը՝ վրան գրված՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Սա հիստերիա է առաջացրել Իրանի թյուրքախոս բնակչության և նրանց ներկայացնող պատգամավորների շրջանում, և վերջիններս բացատրություն են պահանջել են Իրանի իշխանությունից։ Դժգոհությանը պատասխանել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին՝ ասելով, որ ինքը իրանահայերի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման մեջ խնդիր չի տեսնում։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ Իրանը չեզոք դիրք է գրավում հիմնախնդրի կարգավորման հարցում և կարծում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երկու կողմերի բանակցությունների միջոցով։ Խնդիրն, ըստ Ղասեմիի, պաստառի մեջ է, որը «չի համաձայնեցվել իրանական կողմի հետ, կամայական է և անընդունելի»։ Այստեղից, իհարկե, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ Իրանի արտգործնախարարությունը նույն ջանասիրությամբ չի դատապարտում իրանցի որոշ պաշտոնյաների անընդունելի ու չհավասարակշռված հայտարարությունները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

– Պարոն Իսրայելյան, նախորդ անգամ մենք խոսում էինք այն մասին, որ Փաշինյանի այցի ընթացքում հավանաբար կքննարկվի Արցախի հարցը, և կպարզաբանվի Իրանի դիրքորոշումը։ Ի՞նչ ամփոփում կարելի է անել ղարաբաղյան հարցի մասով, ի՞նչ են երկու երկրների ղեկավարները խոսել այս հիմնախնդրի մասին։

– Իրանի հոգևոր առաջնորդի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում հոգևոր առաջնորդի՝ Արցախի վերաբերյալ արած հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց Իրանի չեզոք դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

 

 

 

 

 

 

 

 

 

Իհարկե, կոչ էր արվում, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաները շարունակեն բանակցությունները։ Հոգևոր առաջնորդը նաև մեկ կարևոր հանգամանք էր ընդգծում, որ Իրանը պատրաստ է աջակցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այսինքն՝ Իրանը բարձր մակարդակով հայտնում է իր աջակցությունը և դրանով շեշտում իր չեզոք դիրքորոշումը՝ կողմերից որևէ մեկին աջակցություն չցուցաբերելով։ Կարծում եմ՝ սա տվեց շատ-շատ հարցերի պատասխանը։ Դա վերաբերում է վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Իրանում տարածքում կազմակերպվող տարբեր միջոցառումներին, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ քննարկումների ժամանակ, և նաև Ադրբեջանի կողմից հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում միտումնավոր իրականացվող այն քաղաքականությանը, երբ փորձում էր օգտագործել յուրաքանչյուր առիթ՝ Հայաստան-Իրան հարաբերություններում խնդիրներ առաջացնելու նպատակով։ Եթե բանակցություններն ամփոփենք այս առումով՝ ես բավական արդյունավետ եմ գնահատում՝ հատկապես Արցախի մասով Իրանի դիրքորոշումը, և դա, կարծում եմ, այս փուլում մեզ համար չափազանց կարևոր էր։ Սա մեզ համար կարևոր ելակետ կլինի՝ տարածաշրջանում մեր արտաքին քաղաքականությունը մշակելիս, քանի որ Արցախի հարցը բավական կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

– Բայց այդ հայտարարության մեջ խոսք չկա այն մասին, թե Իրանի կարծիքով՝ հիմնախնդիրը ի՞նչ բանաձևի կամ սկզբունքների հիման վրա պիտի հանգուցալուծվի։

– Իրանի հետ մեր պաշտոնական հանդիպումների ժամանակ երբևէ անդրադարձ չի արվում հիմնախնդրի կարգավորման այն երեք սկզբունքներին, որոնք ընդգծվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում։ Նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորմամբ, միջազգային նորմերին համապատասխան, այսինքն՝ չի առանձնացվում ո՛չ տարածքային ամբողջականության սկզբունքը, ո՛չ էլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որովհետև երկու դեպքում էլ խնդիրներ կառաջանան և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, նաև Իրանում՝ կապված ինքնորոշման իրավունքի հետ։ Հետևաբար, կարծում եմ, որ ընտրվում է այնպիսի մոտեցում, որը խնդիրներ չի առաջացնի, նախ, Իրանի ներսում, ո՛չ էլ Հայաստանում և Ադրբեջանում։ Իրանի այս դիրքորոշումը, որ պատրաստ է նպաստել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, կարծում եմ՝ լավագույն ձևակերպումն է։ Ինչ վերաբերում է դետալներին՝ Իրանը չի մասնակցում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, և կարծում եմ՝ մեր շահերից էլ չի բխի, եթե թույլ տանք, որ այլ երկրներ անմիջականորեն մասնակցեն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղության գործընթացին կամ դրա վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնեն։

Ամեն դեպքում ես վստահ եմ, որ Հայաստանի վարչապետն ավելի լայն քննարկում ունեցել է Իրանի ղեկավարության հետ ղարաբաղյան հարցի շուրջ, և մեզ մտահոգող հարցերին իրանական կողմը տվել է բավարար պատասխաններ, պարզաբանումներ, հավաստիացումներ։ Այդ առումով, կարծում եմ, Հայաստանի շահերից, բնականաբար, չի բխում այդ քննարկումների հրապարակայնացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը և Ադրբեջան-Իրան հարաբերությունները։ Ավելի լավ է՝ մենք ուղիղ բանակցությունների միջոցով հավաստիանանք, հստակեցնենք, հասկանանք Իրանի մոտեցումները, քան հրապարակայնացնենք և խոսենք դրա վերաբերյալ, ինչը կվնասի ինչպես հայ-իրանական հարաբերություններին կամ պայմանավորվածություններին, այնպես էլ Ադրբեջանը ավելորդ խնդիրներ կարող է առաջանցել Իրանի համար և կաշկանդել Իրանին՝ այս հարցում ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու։

Մենք տեսանք, թե «Արարատ» միությունում փակցված պաստառի շուրջ ինչպիսի աղմուկ բարձրացվեց Իրանի որոշ թյուրքախոս շրջանակների կողմից։ Դա նաև հրահրվում էր Ադրբեջանի կողմից։ Ես, իհարկե, կանդրադառնամ այս հարցին, բայց շատ կարևոր մի հանգամանք էլ կա, որը ակտիվորեն քննարկվում և լուսաբանվում էր պարսկալեզու սոցիալական ցանցերում և հատկապես այն փորձագետների կողմից, որոնք խնդիրներ են տեսնում Իրանի թյուրքախոս շրջանակների կողմից անջատողական գործողությունների ու ձգտումների մեջ։ Աչք էր զարնում այն հանգամանքը, թե Իրանի հոգևոր առաջնորդի կայքն ի՞նչ վերնագրով էր հրապարակել հոգևոր առաջնորդի և ՀՀ վարչապետի հանդիպման մասին լուրը և ի՞նչ վերնագրով է հրապարակել հոգևոր առաջնորդի և Ալիևի հանդիպման մասին հաղորդագրությունը։ Շատ հետաքրքիր էր, որ Հայաստանի մասով ընդգծվում էր, որ անկախ ամեն ինչից՝ Իրանը խորացնելու և զարգացնելու է իր հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Ալիևի հետհանդիպման ժամանակ որպես գլխագիր ընտրված էր մոտավորապես այն միտքը, որ չպետք է ճնշել կրոնական գործիչներին և այլն։ Եվ սա բավական մեծ իրարանցում էր առաջացրել սոցցանցերում։ Մարդիկ գրում էին, թե տեսեք՝ Իրանի հոգևոր առաջնորդն ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանին, ինչպես է տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և որ գործոններն է կարևորում Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Այս համատեքստում անդրադառնալով վարչապետի հանդիպմանը հայ համայնքի հետ՝ պետք է ասել, որ նույնիսկ Արցախի հարցում Իրանի չեզոք դիրքորոշման պայմաններում Իրանը լուրջ խնդիրներ է ունենում երկրի ներսում։ Իհարկե, տարածքային ամբողջականության մասին Իրանի հայտարարությունները մենք միշտ մեկնաբանել ենք այն իմաստով, որ դրանք արվում են թյուրքախոս զանգվածին հանգստացնելու և Ադրբեջանին հրապարակային դաշտում ուղերձ հղելու, որ «որևէ խնդիր չկա, մեր քաղաքական կուրսը չի փոխվել ձեր նկատմամբ»։

Հայկական կողմը միշտ էլ սա ընկալել է։ Երբ մենք նախորդ անգամ խոսում էինք որոշ անհանգստությունների մասին, խնդիրն ավելի շատ այս համատեքստում էր։ Քանի որ վերջին տարիներին ավելի շատ են եղել նման հայտարարությունները, հավաստիացումները Իրանի կողմից, դա մեզ համար մտահոգիչ էր։ Հիմա գոնե ես բավարարված եմ և այս հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։

Պաստառի առնչությամբ Իրանի կողմից հնչեցին որոշ քննադատական հայտարարություններ, որոնք ուղղված էին տեղի թյուրքախոս բնակչությանը հանգստացնելուն, որովհետև վերջին մի քանի օրվա ընթացքում մի քանի միջադեպեր էին գրանցվել, բողոքի ակցիաներ էին եղել, Թավրիզի ֆուտբոլային թիմի խաղի ընթացքում շուրջ 30 քաղաքացի ձերբակալվեց։ Եվ շատ հետաքրքիր է այն, որ Իրանի փորձագիտական շրջանակները, որոնք ավելի ադեկվատ են և միակողմանի դիրքորոշում չունեն, մեծ հաշվով՝ օբյեկտիվ են գնահատում իրավիճակը տարածաշրջանում, շեշտում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի տեսանկյունից՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի շահերից է բխում, և մատնացույց անելով Ադրբեջանի գործողությունները թե՛ Իրանի տարածքում, թե՛ Իրանից դուրս։ Այս փորձագետները նաև հետաքրքիր հարցեր էին բարձրացնում իրենց իշխանությունների հասցեին՝ նշելով, որ եթե թույլատրվում է կազմակերպել տարբեր ադրբեջանամետ կոնֆերանսներ կամ Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդես, ապա բնական է, որ հայերն էլ պետք է պատասխան քայլն անեն, և դա, օրինակ, այդ պաստառը փակցնելն էր։ Նաև կոչ էին անում, որ եթե Իրանը չի ցանկանում, որ Իրանի տարածքը դառնա հայերի և ադրբեջանցիների «հակամարտության» հարթակ, ապա թեկուզ թյուրքախոս շրջանակներին հանգստացնելու համար Իրանը պետք է ձեռնպահ մնա կամ նվազագույնի հասցնի նմանատիպ, այսպես ասենք, ադրբեջանահաճո միջոցառումների կազմակերպման թույլատրումը։