Թիմը «քաշում է» Նիկոլ Փաշինյանին

Թիմը «քաշում է» Նիկոլ Փաշինյանին

16.02.2019 0 Автор navasabv

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 15 կետեր, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է առաջիկայում աշխատի, ինչպես ինքն է ասել՝ տնտեսական հեղափոխությունն առաջ մղելու նպատակով: «Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,- հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով 15 կետերը։

 

 

Ինչո՞ւ հատկապես 15 և ոչ թե 23 կամ 12 կետ՝ վարչապետը չի մասնավորեցրել։ Ինչպես որ չի մասնավորեցրել, թե ինչ սկզբունքներով են ընտրվել ու մշակվել այդ կետերը։ Կետեր, որոնք դառնալու են կառավարության գործունեության ծրագրի հիմքերը։ Այդ կետերի շարադրանքում աչքի են զարնում դրանց մակերեսայնությունն ու դետալայնությունը, այդ կետերը՝ ընդհանուր առմամբ և առանձին-առանձին, զուրկ են գլոբալ, համակարգային մտածողությունից, դրանք ոչ այնքան տնտեսական հեղափոխության գործողություններ են, ինչպես փորձ է արվում ներկայացնել, որքան տնտեսության օպերատիվ կառավարման տեխնիկական ուղեցույցներ։

Ներդրումներ, տնտեսության երկարաժամկետ զարգացում

Ներկայացված կետերի շարքում ամենակարևորները վերաբերում են ներդրումային քաղաքականությանը, քանի որ դրանից է կախված տնտեսության ընդհանուր զարգացումը։ «Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանց ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում»,- ասել է վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա ներդրումների հետ կապված տեխնիկական գործողությունների ցուցում է, որը որևէ բովանդակային նորարարություն չի պարունակում։ Մյուս կետը՝ «կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով»։ Երկրորդ կետը նույնպես տեխնիկական աշխատանք ենթադրող իմպերատիվ է։ Ներդրումային քաղաքականության բովանդակային որոշակի տարրեր է պարունակում վարչապետի ներկայացրած երրորդ կետը՝ «արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը»։ Սակայն այս կետը շատ անորոշ ձևակերպում է պարունակում՝ առանց առնվազն ժամանակային կոնկրետության։ «Արագացնել» եզրը շատ առաձգական է և կարող է տևել ամիսներից մինչև տարիներ։

 Աշխատատեղեր

Աշխատատեղերի ստեղծման հետ կապված նույնպես ծրագրային կոնկրետությունը բացակայում է, ներկայացված են ավելի շատ ընդհանուր ձևակերպումներ պարունակող արտահայտություններ։ «Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից» կամ «հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով»։

Գործողությունների այս բլոկում նախատեսվում են իրականացնել նաև քայլեր՝ խաբեությամբ նպաստներ ստացող քաղաքացիներին բացահայտելու համար։ «Արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ և ավելի վարկեր են սպասարկում և միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից»։

Աշխատատեղերի հետ կապված կետերում չկա որևէ խոսք նոր աշխատատեղերի ստեղծման գոնե մոտավոր թվերի ու ժամկետների մասին։ Փոխարենը վարչապետի ներկայացրած կետերի շարքում անդրադարձ  կա մասնագիտական կրթությանն ու այդ գործընթացում բիզնեսի ներգրավմանը։ «Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը», «ակտիվացնել ու զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Այս նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել հանրային և այլ հեռուստաընկերությունների հետ», «ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում»։ «Ակտիվացնել», «զարգացնել». կառավարության ծրագրի այս ոճը տեղ է գտել նաև գործողությունների ծրագրում ներառված կետերում։

Տոկոսի տակ

Բանկային բարձր տոկոսադրույքները Հայաստանի տնտեսության զարգացման ամենալուրջ խոչընդոտներից են։ Այդ ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր նախատեսում է, սակայն կրկին՝ շատ ընդհանուր նպատակադրումներով՝ առանց թվային ու ժամանակային ցուցանիշների. «Բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել»: Այսինքն՝ այս խնդրի լուծման բանալին կառավարությունը դեռևս չունի, և նոր պետք է ռազմավարություն մշակվի։ Մինչդեռ ենթադրվում էր, որ այդ ռազմավարությունը պետք է արդեն իսկ մշակված լիներ և բխեր կառավարության ծրագրից, ու հակառակը՝ կառավարության ծրագրի համապատասխան բաժինները պետք է կառուցված լինեին բանկային տոկոսադրույքների նվազեցման ռազմավարության հիման վրա։ Վարչապետի ներկայացրած կետերում խոսվում է նաև բիզնեսի վարկավորման մասին, սակայն կրկին շատ ընդհանրական ձևակերպմամբ. «Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել»։ Ի՞նչ տոկոսով վարկեր է նախատեսվում հատկացնել միկրոբիզնեսին, ի՞նչ ժամկետներով, ի՞նչ ընթացակարգերում՝ տակավին անհայտ է։

 Գյուղատնտեսություն

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կետերի թվում կան նաև գյուղատնտեսությանը վերաբերող գործողություններ։ Մասնավորապես, «կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան», «մսի և մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը», «պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել»։ Կրկին առավելապես լիրիկական զեղումներ են՝ առանց ցուցանիշային և թվային տվյալների։ Այդպիսիք, ի դեպ, բացակայում էին նաև կառավարության ծրագրի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածում։

 

 

 

 

 Ենթակառուցվածքներ 

Վարչապետի ներկայացրած կետերից մեկը վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, սակայն կրկին ընդհանրական ձևակերպմամբ. «Ջրամբարաշինության և ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ»։

Գործողությունների ի՞նչ ծրագիր կմշակվի այս կետերի հիման վրա՝ ցույց կտա ժամանակը։ Ակնհայտ է, սակայն, որ եթե այդ ծրագիրը մշակվելու է այն որակով, որով գրվել և վարչապետին են ներկայացվել այս կետերը, ապա դա լինելու է ոչ թե տնտեսական հեղափոխության իրականացման, այլ դրա տապալման ծրագիր։ Վարչապետի թիմը արդեն որերորդ անգամ, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դնում նրան՝ մատուցելով այնպիսի նյութ, որի հրապարակումը բնավ չի ավելացնում Նիկոլ Փաշինյանի կոմպետենտությունը։ Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ տնտեսական հեղափոխության տապալման համար պատասխանատվություն է կրելու ոչ թե վարչապետին «քաշող» թիմը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական վարկանիշով ու հեղինակությամբ։