Թրամփի ծրագրում «ղարաբաղյան պլացդարմին» հատուկ տեղ է հատկացված. պատերազմը կարող է դուրս պրծնել ամենաանհարմար պահին

Թրամփի ծրագրում «ղարաբաղյան պլացդարմին» հատուկ տեղ է հատկացված. պատերազմը կարող է դուրս պրծնել ամենաանհարմար պահին

13.11.2018 0 Автор navasabv

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվություն դրսևորել ղարաբաղյան հարցում:  Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցից և «գրավյալ տարածքների վերադարձի» մասին վիճահարույց հայտարարությունից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցելությունից ու կրկին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ուշագրավ հայտարարություններից, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցելությունից հետո՝ այժմ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Գրեգորի Մարկիսը՝ ամփոփելով խորհրդական Բոլթոնի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի՝ նախորդ ամիս տեղի ունեցած տարածաշրջանային այցերի արդյունքներն ու քննարկումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ:

Կոնֆլիկտը չափից ավելի երկար ձգձգվեց

Դիմելով ԵԱՀԿ գործող նախագահին՝ Մարկիսն ընդգծել է, թե այս հակամարտությունը չափից ավելի երկար է ձգձգվում, և ժամանակն է, որ հակամարտող կողմերը հրաժարվեն պատերազմական հռետորաբանությունից և փոխադարձ մեղադրանքներից և սկսեն նախապատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղության: Նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ շեշտելով, որ որպես համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը լիովին աջակցում է նրանց և բարձր է գնահատում նրանց աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով: Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ ըստ համանախագահների զեկույցների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով վերջին ամիսներին տեղի ունեցած հանդիպումներից հետո բռնության աստիճանն էապես նվազել է արցախա-ադրբեջանական շփման գծում և հակամարտության ազդեցության տակ գտնվող այլ շրջաններում: Եվ կողմերն, ըստ նրա, պետք է օգտագործեն այս հնարավորությունը և փորձեն ուղիներ փնտրել՝ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Այս տեսանկյունից ԱՄՆ-ը միանում է համանախագահների այն կոչերին, որ պետք է շարունակել լարվածության նվազեցմանն ուղղված գործողությունները և բարելավել շփումները կողմերի միջև: Այս համատեքստում Մարկիսը հնչեցրել է իր զեկույցի առավել ուշագրավ դրույթներից մեկը՝ ընդգծելով 2016 թ. մայիսին Վիեննայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված, այնուհետև Սանկտ Պետերբուրգում և Ժնևում վերահաստատված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

«Միացյալ Նահանգները միանում է [համանախագահների] այս կոչերին: Նմանապես, Միացյալ Նահանգներն աջակցում է շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական կարողությունների ընդլայնմանը և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը»,- ասել է Մարկիսը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնն աջակցում է վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը և հայերի ու ադրբեջանցիների միջև ակտիվացած երկխոսությանը, որը կարող է կայունացնել իրադրությունը և ավելի կառուցողական միջավայր ստեղծել բանակցությունների համար:

Միացյալ Նահանգները համաձայն է այն տեսակետի հետ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Բայց ստատուս-քվոն, ըստ ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելության ներկայացուցչի, անընդունելի է:

«Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հասնելու տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և իրավահավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշված Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- եզրափակել է Գ. Մարկիսը:

Բոլթոնի քողարկված ուղերձը Հայաստանին

Թրամփի խորհրդական Բոլթոնի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության մասին միանշանակ չընդունվեցին Երևանում, քանի որ նա այդ խնդիրը փորձեց կապել ոչ միայն Հայաստանում սպասվող ներքաղաքական իրադարձությունների, այլև Իրանի խնդրի, Իրան-Հայաստան հարաբերությունների և Թեհրանի դեմ սահմանված նոր ամերիկյան պատժամիջոցների հետ: Բոլթոնը նախ հույս հայտնեց, թե Հայաստանում դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակի դեպքում ՀՀ վարչապետը «ուժեղ մանդատ կստանա» և կարող է վճռական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Մյուս կողմից, քանի որ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության և Բոլթոնի հարավկովկասյան այցելության օրակարգի առաջնահերթ խնդիրը Իրանի հարցն է, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցի ընթացքում նա փորձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցն ու Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքը կապել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, հայ-իրանական հարաբերությունների ու մասնավորապես՝ Հայաստան-Իրան սահմանի հետ՝ ասելով, թե «Իրանի հետ [Հայաստանի] սահմանը լուրջ խնդիր է լինելու»: Այլ խոսքերով՝ Բոլթոնը փորձել է արդիականացնել ԼՂ հիմնախնդրի լուծման հարցը Իրանի խնդրով՝ շատ պարզ ակնարկելով, որ եթե Հայաստանի ղեկավարությունը Իրանի դեմ ամերիկյան արշավին միանալու և պատժամիջոցներին աջակցելու անհնարինությունը բացատրում է երկու կողմից շրջափակված լինելու պայմաններում Իրանի հետ հարաբերությունների և Իրանի սահմանի կենսական նշանակությամբ, ապա այդ դեպքում Հայաստանի ղեկավարը, ներքին խնդիրները լուծելուց հետո, կարող է «վճռական քայլեր» անել և լուծել խնդիրն Ադրբեջանի հետ, և այդ դեպքում կբացվեն թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական սահմանները, և Իրանի ու Վրաստանի հետ սահմաններն այլևս այդպիսի կարևորություն չեն ունենա: Իսկ թե կոնկրետ ի՞նչ «վճռական քայլեր» են ամերիկացիներն ակնկալում հայկական կողմից ղարաբաղյան հարցում՝ թերևս դժվար չի գուշակել: Դեսպան Միլսը բաց տեքստով էր խոսել Հայաստանի կողմից հողային զիջումների անխուսափելիության մասին Բոլթոնի այցից մեկ շաբաթ առաջ: Իհարկե, մի կողմ թողնենք այն հարցը, որ Ադրբեջանի հետ խնդիրը միայն Հայաստանի ազդեցության ոլորտում չէ, և դրա համար անհրաժեշտ է նաև Բաքվի ցանկությունը, որն այս պահին տեսանելի չէ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Բոլթոնի բոլոր այս հայտարարությունները Փաշինյանի «ուժեղ մանդատի», «վճռական քայլերի» և ԼՂ հարցի լուծման մասին իրականում Իրանի մասին էին: Ընդ որում, Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա հստակ նշեց, որ «Հայաստանի նկատմամբ ճնշումները նվազեցնելու ամենավստահ ճանապարհը ԼՂ հակամարտության լուծումն ապահովելն է»:

https://www.tert.am/news_images/887/2660626_1/copy.thumb.png

Երկակի զսպում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ

Որոշ փորձագետներ, սակայն, այլ կերպ են նայում Բոլթոնի այցելությանը՝ ասելով, որ այն բավական արդյունավետ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ակտիվացնելու առումով: Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ Գ. Մարկիսի հայտարարությունը Բոլթոնի այցելության առաջին դրական արդյունքն է, և պատահական չէ այն, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը խոսում է հայկական շահերի, Արցախի անվտանգության և ընդհանրապես հակամարտության գոտում լարվածության ու բռնության մակարդակի իջեցման, խաղաղ բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ու կառուցողական միջավայր ստեղծելու տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող համաձայնությունների կատարման, մասնավորապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին, քանի որ դրան ակնհայտորեն դեմ են Ադրբեջանն ու Ռուսաստանը: Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամերիկյան այս մոտեցման տրամաբանությունը հետևյալն է՝ հետաքննող մեխանիզմների ներդրումը լրացուցիչ զսպման օղակ կհանդիսանա առաջնագծում վիճակը սրել ցանկացող ուժերի համար: Իսկ այդ ուժերը, Աբրահամյանի կարծիքով, Ադրբեջանն ու Ռուսաստանն են:

«Դա ետ կպահի Ադրբեջանին՝ «ենթարկվելու» Ռուսաստանի կողմից ԼՂ հակամարտությունը որպես սեփական ազդեցության գործիք կիրառելու ռազմավարությունից՝ ինչպես եղավ 2016-ի ապրիլին, հետո նաև 2017-ի փետրվարին»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարական առաջնահերթությունը փաստորեն Օբամայի վարչակազմի պասիվության հետևանքով առաջացած վակուումը նոր ամերիկյան ռեգիոնալ քաղաքականությամբ լցնելն է, որը հիմնված է ԱՄՆ շահերի առաջմղմանը՝ նեոռեալիստական պրագմատիզմի հիման վրա:

«Այն ենթադրում է նաև համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ՝ հանուն Ռուսաստանի և Իրանի նկատմամբ երկակի զսպման։ Ուստի Ռուսաստանի ազդեցության թուլացումը Ղարաբաղի հարցում տեղավորվում է ԵԱՀԿ-ում Գ. Մարկիսի կողմից արված հայտարարության տրամաբանության մեջ։ Սա որոշ չափով ամրապնդում է նաև տարածքային ստատուս-քվոն, ինչը բխում է հայկական կողմի շահերից», – ավելացրեց Աբրահամյանը:

http://politik.am/wp-content/uploads/2016/05/Trofimchuk1.jpg

Իրավիճակ է փոխվել

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը նորություն չի տեսնում Մարկիսի խոսքերում՝ նշելով, որ ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը երբևէ պատերազմի կոչ չի արել Հայաստանին ու Ադրբեջանին, այլ կոչ է արել վստահության ամրապնդման, երկխոսության, խաղաղության, ինչպես նաև հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի անընդունելիության:

Իսկ ինչ վերաբերում է Մարկիսի և այլ ամերիկացի դիվանագետների այն հայտարարություններին, որ «ստատուս-քվոն անընդունելի է», ապա դա բացատրվում է այն հանգամանքով, որ 2016 թ. ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ առաջվա կայունությունն այլևս չկա հակամարտության գոտում:

«Տարօրինակ կլիներ, եթե աչք փակեին ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ այդ կարճ պատերազմի հետևանքով հողի մի գոտի անցավ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: Իրավիճակը միանշանակ փոխվել է: Այդ պատճառով էլ Վաշինգտոնը պարզապես արձանագրում է տվյալ փաստը, ոչ թե, ինչպես որոշ մարդկանց է թվում, կրկնում է պաշտոնական Բաքվի հայտարարությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ Մարկիսը հենց այդ պատճառով է խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի որոշումների մասին, քանի որ դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել:

Պատերազմը կարող է դուրս պրծնել ամենաանհարմար պահին

ԼՂ հարցի շուրջ ամերիկյան այս ակտիվության կապակցությամբ, հատկապես Բոլթոնի այցից հետո, հայ հանրությանը միային մեկ հարց է անհանգստացնում՝ որ «ԱՄՆ-ը գործնական քայլեր չանի հողերը Ադրբեջանին փոխանցելու ուղղությամբ»: Սակայն Տրոֆիմչուկի կարծիքով՝ այս մտավախություններն անտեղի են, քանի որ ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն իր շահերը և նա չի առաջնորդվում Երևանի կամ Բաքվի ցանկություններով:

«Այս իմաստով նրան պետք չէ որևէ մեկին պարգևատրել տարածքներով: Խոսքն այլ բանի մասին է՝ ռեգիոնը գալիք իրադարձություններին նախապատրաստելու, այդ թվում՝ հակաիրանական ծրագրի արագացված զարգացմանը, որտեղ ղարաբաղյան պլացդարմին (ռազմահենադաշտ) հատուկ տեղ է հատկացված: Իսկ ինչ-որ մեկին էնպես՝ իմիջիայլոց հողերի վերադարձի հարցով վախեցնելը վատ տարբերակ չէ ԱՄՆ-ի համար: Այլ խոսքերով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ինքը վերահսկել Ղարաբաղը՝ փորձելով էապես թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Բոլթոնի հայտարարությունը Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հնարավորության մասին կապված է հենց այս, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր վերահսկողությունն ուժեղացնելու մտադրության հետ: ԱՄՆ-ը մեծ հույսեր է կապում Հայաստանի ներքաղաքական զարգացումների ընթացքի հետ, որից հետո, Վաշինգտոնի հույսերով, Մոսկվայի ազդեցությունն այս երկրում կթուլանա, ինչը ճանապարհ կբացի վերոնշյալ ծրագրերի համար: Դրա համար էլ Բոլթոնը բաց տեքստով նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը «ռազմավարական նշանակություն» ունի ԱՄՆ-ի համար: Վաշինգտոնում, անշուշտ հասկանում են, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի համաձայնվի հողերի հանձնման՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի վերահսկողության տակ»,- նշեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը ոչ թե ուզում է օգնել Ադրբեջանին «հողերը վերադարձնելու հարցում», այլ ընդհակառակը՝ տարածաշրջանում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Վաշինգտոնին իր պայմանները թելադրել Բաքվին: Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը սպասում են ՌԴ-ի հետագա թուլացմանը, ինչի պատճառով Մոսկվան ավելի քիչ ուշադրություն կդարձնի Ղարաբաղին, և իրենք կկարողանան ամրապնդել իրենց դիրքերն այստեղ՝ առանց մեծ ջանք գործադրելու:

«Այս ապակողմնորոշող ֆոնին, երբ չափից շատ են խոսում հակամարտության գոտում «լարվածության նվազեցման» մասին, չի կարելի բացառել այն, որ պատերազմն այնտեղ դուրս կպրծնի մի նոր ուժով, ընդ որում՝ ամենաանհարմար պահին»,- կանխատեսեց Տրոֆիմչուկը:

Աղբյուր՝ 1in.am