Անցումային արդարադատության արմատական թիրախը

Անցումային արդարադատության արմատական թիրախը

03.12.2018 0 Автор navasabv

Խորհրդարանի արտահերթ ընտրության երկշաբաթյա քարոզարշավի գրեթե կեսն արդեն հետևում է, և այս ընթացքում մասնակից 11 ուժերը փորձել են ամենատարբեր միջոցներով հարաբերվելով հանրության հետ ստանալ նրանց քվեն: Այստեղ անշուշտ պետք է առանձնացնել «Իմ քայլը» դաշինքին ու ՀՀԿ-ին, որոնք երկու բևեռներում են՝ թերևս դրական-հեղափոխական և բացասական-հակահեղափոխական, այսպիսի պայմանական բնութագրումներով: Երկու այդ ուժերը գտնվում են առանձնահատուկ վիճակում: «Իմ քայլը» հեղափոխության առաջնորդող ուժն է, և այստեղ հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում, թեև Նիկոլ Փաշինյանն անշուշտ անում է «պրոֆիլակտիկ» առավելագույնի վրա հիմնված քարոզարշավ՝ հասկանալիորեն ապահովագրվելու համար որևէ մեծ կամ փոքր անակնկալից, իսկ Հանրապետականն էլ ակնհայտորեն մերժված ուժն է, որի խաղադրույքը ոչ թե սեփական ընտրողների թիվն է, այլ հույսը կամ ակնկալիքը, որ մյուս ուժերը չեն հավաքի դրանից ավելի մեծ տոկոսներ, հաշվի առնելով հենց հեղափոխության հանգամանքները:

 

Սակայն քարոզչության կեսին ուժերի մարտավարությունն ու հնարավորությունները չէ, որ կուզեինք դիտարկել, այլ անցնող օրերին հնչեցված օրակարգային կարևոր հարցերը: Այս տեսանկյունից, թերևս հնարավոր է առանձնացնել այն, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն ավելի առարկայացրեց անցումային արդարադատության այն դրույթը, որ շոշափել էր դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքում: Բանն այն, որ անցումային արդարադատության դրույթը ունի հիմնարար, համակարգային նշանակություն ոչ միայն լոկ «Իմ քայլը» դաշինքի քարոզչական տեխնոլոգիայի կամ ձայների, և ոչ միայն նախորդ իշխանության յուրացրածը հետ բերելու հանրային, այսպես ասած՝ հոգեկան բավարարվածության, և ոչ էլ լոկ բյուջեի համար որոշակի բարերար ազդեցության տեսանկյունից: Այդ ամենը, անշուշտ, կա, սակայն դրան զուգահեռ, և թերևս դրանից ավելի առաջ կամ ավելի խոր հարցն այն է, որ անցումային արդարադատությունը համակարգային ազդեցություն է ունենալու բոլոր քաղաքական ուժերի և տնտեսվարող սուբյեկտների, կամ տնտեսվարման հավակնություն ունեցող սուբյեկտների համար:

 

 

 

 

 

 

Անցումային արդարադատության թեման շոշափելով՝ Նիկոլ Փաշինյանը այն դիտարկեց հանրությունից ու պետությունից յուրացվածը վերադարձնելու համատեքստում, հանրությանն առաջարկելով քննարկել հարցը, թե վերադարձի դիմաց ինչ է ստանում, այսպես ասած, «մեղադրյալ-վերադարձնողը»: Կամ, այլ կերպ ասած՝ ստանո՞ւմ է ներում, թե՞ ոչ, կամ ո՞ր տոկոսի վերադարձն է ներելի և այլն: Սա կարևոր խնդիր է հանրային համերաշխության և տնտեսա-քաղաքական արդեն հիմնարար կայուն ազդակների հասնելու տեսանկյունից, սակայն ոչ միայն: Բանն այն է, որ անցումային արդարադատության մեխանիզմի միջոցով դիտարկելով թե՛ կարճաժամկետ ընտրական-քաղաքական, թե՛ երկարաժամկետ տնտեսա-քաղաքական էֆեկտները, մենք անխուսափելի հանգում ենք նաև նրան, որ այդպիսով խոսքը տնտեսական ստատուս-քվոյի փոփոխության, ու դրա քաղաքական համարժեք էֆեկտի մասին է: Գտնելով յուրացրածը վերադարձնելու համերաշխ մեխանիզմ, հասարակությունը փաստորեն կատարում է տնտեսական ռեսուրսների վերաբաշխում, տնտեսական ներուժի բալանսի փոփոխություն:

 

 

 

 

 

 

Այսինքն՝ մի քանի ընտանիքներ կամ խմբեր, որոնց ձեռքին է կենտրոնացած խոշոր կապիտալի մի մեծ մաս, ըստ էության ազատվում են այդ կապիտալից և վերադարձնում այն պետությանը, հանրությանը: Հետևաբար, այդ իմաստով փոխվում է խոշոր կապիտալ-հանրություն, խոշոր-կապիտալ պետություն հարաբերությունների բալանսը: Բալանսի փոփոխությունը հենց ստատուս-քվոյի փոփոխություն է, ինչը հանրությանն արդեն տալիս է գործելու, տնտեսական և քաղաքական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ, քանի որ չկա նախկին՝ միակողմանիորեն գերբևեռացված բալանսը, երբ այլևս գիծ քաշած և օրինական դաշտում գտնվող խոշոր կապիտալը իր կուտակած ահռելի ռեսուրսի հաշվին՝ որն իրականում հանրության ու պետության ռեսուրսի հաշվին էր կուտակված, կարող էր այլևս, այսպես ասած, օրինական ճանապարհով առավելության հասնել իր նոր որևէ մրցակցի նկատմամբ՝ լինի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դաշտում, որտեղ այդ կապիտալը բնականաբար ունի և չի կարող չունենալ իր շահերն ու հետաքրքրությունները:

 

 

 

 

 

Ըստ այդմ, անցումային արդարադատության միջոցով բալանսի փոփոխության հարցը լուծելը կնշանակի հիմնարար կերպով փոխել ստատուս-քվոն և ստեղծել հանրության համար եթե ոչ բացարձակ, ապա համեմատաբար առավել հավասար մրցակցային հնարավորություններ տնտեսական և այլ կարգի գործունեության համար: Եվ գործնականում սա այն գաղափարն է, որում պետք է շահագրգռություն ունենան բոլոր քաղաքական ուժերը, անգամ խորհրդարանում չհայտնվելու դեպքում, փորձելով գալ կոնսենսուսի և իրականացման՝ Հայաստանում տնտեսա-քաղաքական բալանսի խորքային հավասարեցման և, ըստ այդմ, մրցակցային միջավայրի խորքային բարելավման համար: